Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անդրադարձավ երեկ Կառավարության նիստի ժամանակ իր և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարց ու պատասխանին: «Վարչապետի հարցին, թե այլևս կան նման ռիսկեր, իմ պատասխանը համարժեք է եղել»,- ասաց փոխքաղաքապետն ու նշեց, որ չի էլ պատրաստվում մեկնաբանել երեկ մամուլում տարածված արձագանքը, որ ինքը ստել է վարչապետին, ասելով` Արամի 72-80 հասցեում խարդախության ռիսկեր չկան: «Եթե ես սուտ խոսեի այնտեղ, ինձ կարող էր ընդհատել ցանկացած մարդ, այդպիսի ընդհատում չի եղել», ասաց փոխքաղաքապետը:
Նրա խոսքով` ռիսկերը պետք է տարանջատել, նշելով, որ չկան նման ռիսկեր, ինքը նկատի է ունեցել, որ իրացման գոտու բնակիչների պայմանագրերի կատարման ժամկետների հետ, այո, կան ռիսկեր, իսկ Արամի 72-80 հասցեի ռիսկերն այլ են. «Մարդիկ, որոնք մասնավոր շենքեր են կառուցել առանց իրացման գոտու, տարբեր շրջաններում, ունեցել են քաղաքացիների հետ ձախողումներ և նրանք պարտավոր են դատական կարգով պարզել իրենց հարաբերությունները, սա ռիսկի առանձին խումբ է, ինչը վերաբերում էր զեկուցվող հարցին: Հաջորդ խնդիրը ես ներկայացրել եմ ամփոփիչ խոսքում, ինչը վերաբերում էր իրացման գոտում, որտեղ չկա գումարի գանձման խնդիր քաղաքացու հետ, այլ կան բնակարանի տրամադրման պայմանագրային պարտավորություններ: Կրկնում եմ` վարչապետի հարցին իմ պատասխանը եղել է համարժեք: Ինչ վերաբերում է իրացման գոտուն, դա հայտնի է բոլորին` կառավարությանն էլ, քաղաքապետարանին էլ, կառուցապատողին էլ: Մնացած դիտարկումներին ես չեմ ուզում մեկնաբանել: Ինքս կառավարութան նիստերին մասնակցում եմ քաղաքապետի հանձնարարությամբ, պատրաստված եմ, թող անհամեստ չհնչի, կոմպետենտ եմ իմ ոլորտու, ծառայողական պարտավորություններին առնչվող հարցերում և տիրապետում եմ քննարկման նյութին»:





