Երեկ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած և Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետևող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հանյտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղևորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: «Ժառանգության» երիտասարդները այս հանցագործության մասին հայտարարություն են տվել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
«Մենք նաև ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահաավքին մասնակցելուց»,-ասված է հայտարարության մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում և հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին:





