AM
8 Ապրիլ 2013 - 05:59 AMT

ԵՀՀ-ն կոչ է անում սփյուռքահայությանը լինել աչալուրջ և զորակցել հայրենաբնակ հայերին

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչով դիմել է հայրենաբնակ, սփյուռքի հայությանը և ՀՀ իշխանություններին, որտեղ մանավորապես, ասվում է.

«Այսօր աշխարհասփյուռ ողջ հայության հայացքը սևեռված է դեպի հայրենիք և անձկությամբ հետևում է նրանում ընթացող քաղաքական զարգացումներին ու ակնկալում, որ մեր քաղաքական այրերը կգտնվեն այնքան խոհեմ և շրջահայաց, որ մի կողմ թողնելով անձնական, կուսակցական ու խմբային նեղ շահերը, ճիշտ որոշումներ կկայացնեն երկրի ու ժողովրդի ապագայի համար:

Նման քաղաքական, հասարակական իրավիճակում և մթնոլորտում ոչ մի ազնիվ ու արդարամիտ անհատ կամ խմբակցություն իշխանական օղակի մեջ չի կարող երկար դիմակայել, ուստի կամ կուլ է գնում ու դառնում անարդար համակարգի մի մասնիկը կամ չհամակերպվելով չեզոքանում, մեկուսանում: Սա այլևս, անհերքելի ճշմարտություն է, հատկապես երիտասարդ ու կիրթ սերնդի մոտ, ով քաղաքական բաց ու մաքուր մթնոլորտի առկայության դեպքում երկրի զարգացման համար հիմնական և անփոխարինելի խթանող ուժը կարող է հանդիսանալ:

Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն առավել կերպով ի հայտ է բերում հետզհետե խորացող այն հսկայական վիհը և անվստահությունը, որ գոյություն ունի իշխանության և հասարակության միջև: Իշխանությունները տարբեր հարթակներում այդ վիհը վերացնելու փոխարեն, իրենց ձեռքում ունենալով իշխանության բոլոր լծակները, շարունակում են անօրինական քայլերով և հազար ու մի էժան հնարքով առավել ևս խորացնել ստեղծված վիհը, երկիրը և պետականությունը հասցնելով կործանման եզրին:

Ժողովուրդը միշտ էլ իր պահանջների մեջ արդար է ու իրավացի: Անհերքելի իրականություն է, որ այսօր՝ ավելի քան երբեք, մեծ տերությունների շահերը պահանջում են ժողովրդի լայն խավերի հովանավորությունից զուրկ՝ թույլ եւ կամազուրկ, հայկական մի իշխանություն, որպեսզի առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց հայեցողությամբ թելադրել եւ «լուծման» առաջնորդել տարածաշրջանի զանազան հարցեր: Պատահական չի կարելի համարել, որ կրկին դարակներից դուրս են բերվում ՀՀ-Թուրքիա ստրկացուցիչ և տխրահռչակ արձանագրությունները, որպեսզի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շեմին, մեկ անգամ ևս խաբեությամբ կացնահարեն ու վիժեցնեն հայկական Արդար Պահանջատիրությունը»:

Եվրոպայի Հայերի Համագումարը հակված է հավատալու, որ ՀՀ իշխանությունները չեն կրկնելու 2008 թվականի Մարտի մեկին թույլ տված սխալը.

«Անկախ այն բանից, որ ինչ կպատահի նախագահական երդման արարողության օրը՝ ապրիլի 9-ին, կամ դրան հաջորդող օրերին, հավատացած ենք, որ այլևս Հայաստանում չի կարող շարունակվել երկիրն ու պետականությունը քայքայման եզրին հասցրած անօրինությունն ու փտախտը և մեր հայրենաբնակ ժողովուրդն ու նրա առաջատար ներկայացուցիչները ուշ թե շուտ այս պայքարը կհասցնեն վերջնական հաղթանակի:

Հորդորում ենք սփյուռքահայությանը լինել աչալուրջ և հետևողականորեն շարունակել զորակցել հայրենաբնակ մեր ժողովրդին»: