AM
8 Ապրիլ 2013 - 06:08 AMT

Երևանի կառավարման ՀՅԴ համակարգը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 5-րդ հորիզոնականում ներկայացված Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է Երևանում առկա առաջնահերթ խնդիրները, որոնք կուսակցությունը կլուծի երևանցիների վստահության քվեն ստանալու դեպքում:

Այսպես, ՀՅԴ-ն տեսնում է կառավարման հետևյալ համակարգը.

«1. Ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների

2. բնակֆոնդի պահպանման, վերակառուցման և սպասարկման միջոցները տրամադրել համատիրությունների միջոցով` բնակիչների ուղղակի մասնակցությամբ: Համատիրությունները չպետք է իշխանության համար ծառայեն իբրև ընտրական գործիք

3. քաղաքապետարանին ենթակա կրթական համակարգին ինքնուրույնություն տալ, ապաքաղաքականացնել այն, կատարելագործել վերահսկման ու հաշվետվական մեխանիզմները,

4. ինչպես նախատեսված է Երևանի մասին օրենքով, ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն (մունիցապալ ոստիկանություն) և կարգ ու կանոն հաստատել մայրաքաղաքում

5. ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց:

Արթուր Եղիազարյանը ներկայացնում է նաև ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը.

1. Էապես ավելացնել Երևանի բյուջեն, ապահովել թափանցիկություն և հրապարակայնություն բյուջետային գործընթացի բոլոր փուլերում, անցում կատարել ծրագրային բյուջետավորման (ծրագրերի ֆինանսավորում ըստ արդյունքների)

2. համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման տարբեր սխեմաների կիրառում` պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևերով

3. Երևանի բյուջեի ծախսային քաղաքականության մեջ գերակայություն տալ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը, բնակֆոնդի պահպանությանը, քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելավմանը, տրանսպորտային հիմնախնդրի լուծմանը։