Ապրիլի 6-ին Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» սրահում Մեծի Տանն Կիլիկիո ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսի հովանավորությամ և Հայոց ցեղասպանության100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպությամբ, տեղի ունեցավ միջինարևելյան երկրների 100-ամյակի հանձնախմբերի ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովը: Այս մասին հայտնել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Խորհրդաժողովը քննարկեց յուրաքանչուր երկրում ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պահանջատիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, ծանօթացաւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։
Օրակարգի հատուկ կետով քննարկվեց Ցեղասպանության հատուցման և իրավունքների վերականգնման իրավական թղթածրարի պատրաստման հնարավորությունները։
Խորհրդաժողովը առաջադրեց 100-ամյակի հանձնախմբերի նախաձեռնությամբ պարբերական խորհրդաժողովներ կազմակերպել գաղութներում գործող հոգեվոր կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
Որոշվեց շարունակել նախաձեռնել պահանջատիրական պայքարի բոլոր դրսևորումները հայ ժողովրդի պատմական բոլո՛ր իրավունքների վերականգնման համար։
Նկատի ունենալով միջինարևելյան երկրների գաղութների պատմական և ռազմավարական կարևորությունը՝ առաջարկվեց պայքարել տարածաշրջանում Թուրքիայի ժխտողականության դեմ՝ տարբեր ճակատների վրա։ Որոշվեց նաև հետամուտ լինել և սատարել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման և հայ ժողովրդի պահանջատիրության իրավական թղթածրարի պատրաստության և ամբողջական արդարության վերականգնման բոլոր աշխատանքներին։





