ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի կողմից մշակվող պայքարի նոր ռազմավարությունն իր մեջ ներառում է տեղակատվության, վերլուծական նյութերի փոխանակություն, հետախուզական համատեղ գործունեության իրականացում և անդամ-երկրների օրենդրական, նորմատիվ դաշտի համաձայնեցում: Այս մասին այսօր Երևան-Կիև-Քիշնև-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ ասաց հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը կենտրոնի գործունեությանը, Անդրեյ Նովիկովը նշեց, որ հայկական կողմը շատ ակտիվ մասնակցություն է ունենում հակաահաբեկչական պայքարին: «Հայերը մասնակցում են ուսումնական գործունեությանը և հայկական կողմի մասնակցությունը մեր կենտրոնի կազմակերպած միջոցառումներին բավականին ակտիվ է»,-ասաց նա:
Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նկատեց, որ աշխարհում շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցություն է ունենում ահաբեկչության վտանգի սրացման վրա: «Մեր հատուկ ծառայությունները հետևում են ահաբեկչական մարտահրավերներին և համապատասխան արձագանք տալիս դրանց»,- ընդգծեց Անդրեյ Նովիկովը:





