Միջինարևելյան երկրներում գործող 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովը իր վրա է հրավիրում մի քանի դիտարկում: Այս մասին գրում է իր «Միջոցառումները համակարգելուց բացի» հոդվածում Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նա մասնավորապես գրում է.
Նախ պետք է նշել, որ ձևաչափի առումով սա աննախադեպ էր։ Խորհրդաժողովը բաղկացած էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներից, միջինարևելյան ինը երկրներում գործող համապատասխան հանձնախմբերի ներկայացուցիչներից, հայ առաքելական, կաթողիկե, ավետարանական եկեղեցիների և հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Այլ խոսքով, ներկայացուցչական առումով ամբողջական համընդգրկվածությունը փաստ էր:
Իհարկե, թեման նպաստում էր նման համընդգրկուն ձևաչափով խորհրդաժողով հրավիրելու համար, այսուհանդերձ միջինարևելյան մասշտաբով նման ներկայացուցչական հանգամանքը ողջունելի մեկնակետ էր հրատապ խնդիրների քննարկման համար:
Փաստորեն, այս հանգամանքը սատարեց, որ խորհրդաժողովը չսահմանափակվի լոկ յուրաքանչուր շրջանում կատարված ու իրականանալի աշխատանքների և ծրագրերի զեկուցումներով և դրանց շուրջ ծավալող քննարկումներով։ Քննարկումները հեզասահ անցում կատարեցին տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին, այնտեղ թափանցած նոր օսմանականության տարբեր դրսևորումներին, ժխտողականության յուրովի արտադրություններին և թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդական մարտավարություններին։
Միջինարևելյան յուրաքանչուր երկրի տեղական պայմաններից նետված հայացքները շատ կարևոր էին տարածաշրջանի ընդհանուր համապատկերը մեր խնդրիրների շուրջ ուրվագծելու և տարածշրջանային շրջագծում խնդիրները քննարկելու և մանավանդ նախապատրաստվելու համար:
Խորհրդաժողովը նկատեց, որ Անկարայի դասական ժխտողականությունը միջինարևելյան երկրներում ենթարկվել է որոշակի ձևափոխումների։ Աշխատանքները գնում են ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման համար աշխատելու։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվ աշխատում է Խոջալուի այսպէս կոչված «ցեղասպանութեան» թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսևորումը սաստկանալու է ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Տարածաշրջանում գերակտիվացել է թուրքական գործոնը։ Սիրիայում հակակառավարական ուժերի ֆինանսավորումը, զինուժի տրամադրումը, քրդական երևույթների զարգացման դիմաց արգելակման տարբեր գործողությունները և ընդհանրապես արաբական երկրներում տեղ-տեղ հակաիսրայելյան իմիտացիոն քայլեր ցուցադրելով այլ կարևոր միջավայրերում ֆինանսատնտեսական խոշոր ծրագրերով Անկարան թիրախավորել է Միջին Արևելքը, այնտեղ հաստատ կայքեր հաստատելու համար:
Այս բոլոր հանգամանքների նկատառումը խորհրդաժողովի կողմից անհրաժեշտ էր նախապատրաստական աշխատանքներին հնարավոր հակազդեցությունների սցենարները պատկերացնելու և ըստ այնմ նաև նախաձեռնողական քայլերի դիմելու համար: Կարևոր նախաքայլ էր նաև ցեղասպանության հատուցման խնդիրները իրավական հարթության վրա դիտարկելու, միջազգային օրենքի սահմանագծերի մեջ տեղավորվելու փորձեր կատարելու և առնվազն համապատասխան թղթածրարի հայեցակարգային աշխատասիրություններ շրջանառության մեջ դնելու տրամադրության բարձրաձայնումը։ Իրավական թղթածրարը, գիտահետազոտականին և քարոզչաքաղաքականին առընթեր պիտի հարստացնի մեր զինանոցը:
Հնչեց նաև այն տեսակետը, որ տարածաշրջանում ընթացող կտրուկ զարգացումների ու տեղաշարժերը խիստ հավանական են դարձնում Թուրքիայի դեմ նոր մարտահրավերների և վտանգների առաջացումը, որը կարող է նույնիսկ ճակատագրական լինել Թուրքիայի ապագայի համար, ինչը պարտավորեցնում է քրդական զարգացումներին և ներթուրքական իրադարձություններին հետևողներիս այս առումով ևս նախապատրաստվելու:
Հարյուրամյակի միջինարևելյան հանձնաժողովների այս խորհրդաժողովը, որ իրոք արձանագրել էր նկատելի համընդգրկվածություն, առիթ էր ոչ միայն միջոցառումների համակարգման և այս առումով Հայաստանի պետական քաղաքականության շեշտադրումներին ծանոթանալու, այլ նաև տարածաշրջանային նորագույն իրադարձությունների լույսի ներքո մեր հակառակորդների շարժումները վերլուծելու և մանավանդ հայության վաղվա օրվան համակարգված նախապատրաստվելու քննարկումները համատեղ անցկացնելու:





