Ազատության հրապարակում տեղի ունեցավ այսօրվա արդեն երկրորդ "երդմնակալության" արարողությունը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց «Նոր Հայաստանի» համար:
Նա հավաքվածներին հորդորեց բացել նրանց բաժանված Սահմանադրությունը, ասաց, որ ինքը կարտասանի առաջին տողը, հետո կշարունակեն միասին:
«Հանուն հավատքի և հանրապետության, ես` ՀՀ քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամանների, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանդրության, և ես չեմ վախենում, ես չեմ նահանջում: Մենք Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, սիրով, հավատով, չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և հաղթելու ենք:
Մենք` ՀՀ քաղաքացիներս սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլորը, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ, արդարություն, երջանիկ ժողովուրդ», – հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:





