Հայաստանում հիմնադրվել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ): Այն ներկայացնում է միջազգային «Institute of Internal Auditors» կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 165 երկրների 175 հազ. անդամների ու ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այդ թվում՝ արդեն Հայաստանում, ասվում է ՆԱԻ-Հայաստան նախագահ՝ Արա Չալաբյանի հաղորդագրության մեջ:
ՆԱԻ-Հայաստանի նպատակն է աջակցել ՀՀ-ում ներքին աուդիտի գործունեության զարգացմանը և ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ներքին աուդիտի ծառայությունների մատուցմանը:
Ներկայումս ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆԻն անդամակցում են ներքին աուդիտով և ռիսկերի կառավարմամբ զբաղվող որակավորված մասնագետներ, որոնք աշխատում են ՀՀ կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում, ֆինանսական (բանկեր, ապահովագրական ընկերություններ) հատվածում, հեռահաղորդակցման ոլորտում, աուդիտորական ընկերություններում և հասարակական կազմակերպություններում:
Ինստիտուտի անդամները հնարավորություն ունեն օգտվելու կազմակերպության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից` ներառյալ www.theiia.org կայքում տեղադրված բոլոր նյութերին հասանելիությունը և զեղչերը ՆԱԻ հրատարակությունների ձեռքբերման, կոնֆերանսների և վերապատրաստումների, ինչպես նաև որակավորման քննություններին մասնակցության համար:





