Հայ-սլովակյան առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար պարոն Միրոսլավ Լայչակի ս.թ. ապրիլի 8-10-ը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր Հայաստան-Սլովակիա գործարար համաժողով ս.թ. ապրիլի 9-ին:
Պարոն Լայչակի գլխավորած պատվիրակության կազմում էին մի շարք սլովակ գործարարներ, որոնք ներկայացնում էին հետևյալ ոլորտները՝ բանկային ոլորտ, էլեկտրաէներգիա և ջրամատակարարում, ճանապարհաշինություն, ալյումինե և մետաղյա պրոֆիլների արտադրություն, ներդրումներ և առևտուր, շինարարություն (ջերմային, էլեկտրակայան) և այլն:
Գործարար համաժողովին նաև ներկա էին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միգաշ Յոզեֆը, պատվավոր հյուպատոս պարոն Գագիկ Մարտիրոսյանը:
Դեսպան Միգաշ Յոզեֆը նախ ողջունեց հյուրերին և շնրհավորեց ՀՀ նախագահի երդմնակալության օրվա առթիվ: Նշեց, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են, առևտրաշրջանառությունը բավականին զիջող դերում է, սակայն առկա է տնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ պոտենցիալը:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին շնորհանդեսներ Հայաստանի և Սլովակիայի ներդրումային միջավայրերի վերաբերյալ: Անցկացվեցին անհատական բիզնես հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող հայ գործարարների հետ:
Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 8.3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 21.6%-ով: Արտահանումը կազմել է 227 հազ. ԱՄՆ դոլար (աճելով 5.3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), իսկ ՀՀ ներմուծումը Սլովակիայից` 8.1միլիոն ԱՄՆ դոլար (նվազելով 23.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ):
Սլովակիա է արտահանվել հիմնականում ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, օպտիկական, լուսանկարչական չափիչ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ, աղ, ծծումբ, հող և քար, սվաղման նյութեր, կրաքար և ցեմենտ (0.3 հազար ԱՄՆ դոլար):
Ներմուծվել է հիմնականում էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, օպտիկական, լուսանկարչական չափիչ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ թուղթ, ստվարաթուղթ:
2010թ.-ին տեղի ունեցած հայ-սլովակյան գործարար համաժողովի շրջանակներում հուշագիր էր ստորագրվել առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ԶՀԳ մամլո ծառայությունը:





