Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:
Նախագահը հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը և մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:





