Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած որոշ ուժեր ցանկանում է դրանք դիտարկել քաղաքական լույսի տակ և ամեն հնարավոր առիթով հայտարարում են, որ ավագանու ընտրությունները քաղաքական են: Երևանի քաղաքային իշխանության համար պայքարին քաղաքագետ Լևոն Շիրինյանը բնավ քաղաքական որակում չի տալիս: «Նախագահի ընտրություններին ինչո՞վ էին զբաղված այդ ուժերը, ինչո՞ւ չմտան այդ քաղաքական գործընթացի մեջ»,- հարցնում է քաղաքագետն ու ավելացնում,- «Ձեռքերը ծալած կողքից նայում էին ի՞նչ է լինում»:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Շիրինյանն այդ ուժերին խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը: «Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը թո՞ւյլ են տալիս այդ ընտրությունները քաղաքականացնել: Իրենք կփորձեն, բայց կարծում եմ՝ ոչ: Սրանք մունիցիպալ ընտրություններ են»,- նկատեց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է, ուշիուշով կհետևի այս ընտրություններին սահմանադրական նորմի պահպանմանը:
«Ընտրությունը չի քաղաքականանա, ՀԱԿ, ԲՀԿ… խաղից դուրս եկան: Բա ո՞ւր էին նախագահի ընտրությունների ժամանակ: Նրանք կփորձեն, բայց դա չի ստացվելու: Բացի այդ, Հայաստանում հետխորհրդային տարիներին ապացուցվել է մի բան՝ շատ կարևոր է անձը, այս դեպքում ցուցակի առաջին համարը: Որքան գաղափարն է կարևոր, այնքան էլ անձը: Կարծում եմ, որ շատ կուսակցություններ իրենց ցուցակների առաջին համարների հարցում սխալվել են: Այն հավակնությունները, որ ունեն իրենց հաշվով, առաջին տեղում առաջադրվածները իրականացնել չեն կարող»,- ասաց Լևոն Շիրինյանը:





