1992 թվականի գարունը՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաեռուն ժամանակն էր։ ԽՍՀՄ փլուզման հետ Ադրբեջանական Հանրապետության նորաստեղծ բանակի, ադրբեջանական հրոսակախմբերի, Ազգային ճակատի և Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատի (ՕՄՕՆ-ի) ձեռքն է ընկնում Խորհրդային Բանակի տեղական զորամասերի ռազմական ներուժի և գույքի մեծ մասը։ Միաժամանակ շարունակվում է ղարաբաղյան հայերի, անգամ ոստիկանների հետևողական զինաթափումը։ Արցախն իսկական հումանիտար աղետ էր ապրում։
Ադրբեջանական գյուղերին մոտ գտնվող Ղարաբաղի բոլոր գյուղերը ենթարկվում էին կանոնավոր ավազակային հարձակումների։ Խաղաղ բնակիչների անպատիժ սպանություններ ու առևանգումներ, պատանդառություն, խոշտանգումներ ու ծաղրանք, անասունի հափշտակում, գույքի գողություն, հրկիզումներ և ջարդ…
Ադրբեջանական գյուղերին մոտ էր նաև Մարաղան:
1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը Մարաղայի վրա իրականացվեց հարձակում: Մարաղան պաշտպանում էր գյուղի բնակիչներից բաղկացած ազատամարտիկների փոքրաքանակ մի ջոկատ։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով գյուղ է ժամանել ողբերգությունից երկու օր անց, Մարաղան կոչել է ժամանակակից Գողգոթա, միայն թե շատ ավելի սարսափելի։
Ժամանակակից Գողգոթան բռնկվեց 1992 թվականի ապրիլի 10-ի վաղ առավոտյան։ Մարաղան դատապարտված էր։ Մարաղան դատապարտված էր մահվան երկու գործոնի պատճառով՝ ռազմատենչ հայատյացության ու նավթային շահի։ Հենց այս գործոններն էին խաղում հիմնական դերը ադրբեջանական պետության կայացման ու զարգացման գործում՝ 1918 թվականին նրա գոյանալու պահից ի վեր։ 1992 թվականի ապրիլին Մարաղայի հայ բնակչությունը զոհաբերվեց վառելիքաէներգետիկ գլոբալ շահերին, մի միայն այն պատճառով, որ գտնվում էր նավթատար շրջանի տարածքում, որտեղ արժեքավոր ածխաջրածնային հումք էր արդյունահանվում, այսպես կոչված՝ սպիտակ նավթ։
1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործվել է ցեղասպանության գործողություն։ Մարդկանց սպանում էնի մի միայն հայ ազգի պատկանելիության պատճառով։ Նրանց, ում չէին սպանում, պատանդ էին վերցնում, շատերին ընտանիքներով հանդերձ՝ դեռահաս երեխաների հետ միասին։ Երեխաներին բաժանում էին ծնողներից և պահում տարբեր տեղերում։ Ժամանակակից Գողգոթայի այն ողբերգական օրը Մարաղայում մնացած 118 բնակիչներից ոչ ամբողջական տվյալներով սպանվել է մոտ 50-ը, 60-ից ավելին գերեվարվել են։ Նրանց սպասում էին խոշտանգումներ ու նվաստացումներ, հարազատների և իրենց իսկ ճակատագրերի անհայտության դժողքը։ Նրանք, ում հետագայում հաջողվել է վերադարձնել գերությունից, մեծամասամբ գտնվում էին անմեղսագիտակ վիճակում և ապրել են հազիվ մեկ-երկու տարի։
Մարաղան դեռևս սպասում է իր իրավական և քաղաքական գնահատականին։





