AM
10 Ապրիլ 2013 - 08:47 AMT

Լարիսա Ալավերդյան. Մարաղայի դեպքերը պետք է օգտագործվեն ղարաբաղյան բանակցություններում ընդդեմ Ադրբեջանի

1992թ. ապրիլի 10-ին Մարաղայում տեղի ունեցած իրադարձությունը բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել է նորագույն Գողգոթա, գնահատել ոչ միայն որպես ցեղասպանական, այլև որպես ֆաշիստական դրսևորում: Նա առաջինն էր, որ օրեր անց այդ ոճրագործությունից հետո եղել է Մարաղայում, լուսանկարել ու ցույց տվել աշխարհին: Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների առաջին և նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսել է 21 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված ոճրագործության մասին:

Ադրբեջանցիները սպանել են Մարաղայի բնակիչներին ամենադաժան մեթոդներով՝ մարդկանց կենդանի այրել են, մասնատել, ինչը հետագայում ապացուցվել է էքսգումացիայի արդյունքում: Լարիսա Ալավերդյանի խոսքով` ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի սահմանումը միանշանակ համընկնում է այն ոճրագործությունների հետ, որոնք իրականացվել են Մարաղայում:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպությունը այդ դեպքերը ավելի մանրամասն ուսումնասիրել է և դրանք ներկայացրել է ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովին, ինչը տեղի է ունեցել 1997թ.-ին, սակայն դրանից հետո պետական մարմինները չեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասել է Լ.Ալավերդյանը:

Նա նշել է` Մարաղան այն դեպքն է, որը ժամանակակից Ադրբեջանը չի կարող ոչ մի ձևով քողարկել` հայտարարարելով, թե դա տեղի է ունեցել Խորհրդային Ադրբեջանի ժամանակաշրջանում:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս փաստերը պետք է օգտագործվեն ղարաբաղյան բանակցություններում ընդդեմ Ադրբեջանի, բայց ինքը կասկածներ ունի, որ Մինսկի խմբի ձևաչափի մեջ Մարաղան այդպես էլ չի դարձել այն հիմքը, ապացույցը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող երբևիցե բռնակցվել, բռնաենթարկել Ադրբեջանին: