Այսօր Աժ հերթական նիստին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթը վերաբերում էր երեկ տեղի ունեցած իրադարձություններին:«Սերժ Սարգսյանը երեկ գտնվեց բանտախցում, բայց հասարակությունն իր երդումը տվեց և ասաց, որ չի նահաջելու, և մենք չնահանջեցինք: Բաղրամյան պողոտայով շարունակեցինք մեր երթը՝ ասելով, որ միասնական ենք: Սերժ Սարգսյանը հրաման տվեց, որ մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն, բայց մենք թույլ չտվեցինք, որ ձեր ուղարկած մարդկանց նկատմամբ, չնայած նրանք մերն են՝ բոլորինս, որևէ ոստիկանի նկատմամբ, բռնություն կիրառվի»,- հայտարարեց նա:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ երեկ երթի մասնակիցների նկատմամբ բռնի գործողություններ են եղել: «Ժառանգությունը» դատապարտում է դա, բայց նաև շնորհավորում, որ մահացու դեպքեր չեղան: Պատգամավորը նկատեց, որ երեկվա գործողությունները հետևանք են այն բանի, որ Հայաստանում օրինական իշխանություն չի ձևավորվում:
ԱԺ նախագահը պատգամավորին հորդորեց խոսել ըստ էության. «Ես նկատում եմ, որ Դուք հուզված եք, բայց խնդրում եմ խոսեք քննարկվող հարցի մասին»: Բանն այն է, որ Զարուհի Փոստանջյանի ելույթը պետք է լիներ ՄԻՊ զեկույցի շուրջ:
Պատգամավորը հակադարձեց, որ իր ելույթը առնչվում է հենց մարդու իրավունքներին: «Սերժ Սարգսյանի կողմից ցանկացած հրամանի դեպքում հասարակությունն աննահանջ է լինելու: Մարդու իրավունքների ոտնահարումը պետք է դատապարտվի: Մենք դատապարտում ենք նաև Սերժ Սարգսյանի կեղծ երդումը»,- հայտարարեց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտարարեց, որ չի կարելի վիրավորանքներ, անտեղի քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին:





