Երեկ Ոստիկանության տարբեր բաժիններ տարված ակտիվիստների գործերով կազմվել են արձանագրություններ, որոնց համաձայն նրանց դեմ պետք է կիրառվի վարչական տույժ՝ 50.000 դրամի չափով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբան Անի Թորոսյանը:
«Ակտիվիստների մեծ մասը հրաժարվում է ստորագրել արձանագրությունները: Նշում են, որ իրենց ապօրինի են 2-3 ժամ ազատությունից զրկել ու արձանագրություններն անհիմն են: Արձանագրություններում տույժի հիմնավորման մեջ ֆորմալ ձևակերպում է նշված եղել այն մասին, թե ակտիվիստները խախտել են օրենք, հասարակական կարգը և չեն ենթարկվել ոստիկանության օրինական կարգադրությանը: Մինչդեռ հիմանական ապացույցով պետք է արձանագրությունը հիմնավորվեր: Օրինակ, եթե տեսագրություն կա, դրանով: Արձանագրության մեջ պետք է պարտադիր նշված լինի կոնկրետ արարքը», -ասաց Անի Թորոսյանը:





