Նոր Հայաստանը թագադրությամբ չի սկսվում, այն էլ այն դեպքում երբ այդ թագն օրիգինալ չէ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով հետընտրական զարգացումներին ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած պայքարին: Ըստ դեմկուսի ղեկավարի` թեև բազմաթիվ մարդիկ իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանց մեծ մասն այսօր այլևս նրա հետ չէ:Արամ Սարգսյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հակասական գործողություններ է ծավալել, ծրագրային մոտեցում ու հստակ դիրքորոշում չի ցուցաբերել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի քայերին, Արամ Սարգսյանը նկատեց, որ ղեկավարը պետք է անընդատ շփվի հասարակության հետ. «Պետք է հնգամյա ծրագիր, որը կառողջացնի ամեն ինչ: Այն պետք է լինի հատուկ պատասխանատուներով և հստակ անելիքներով: Խոստումները տվել են, բայց դրանք պետք է նաև իրականացնել»:
Արամ Սարգսյանի բնորոշմամբ` եթե այս մի քանի ամիսների ընթացքում էական փոփոխություններ չլինեն, ժողովորդն իր բողոքի ձայնը կկարողանա տեղ հասցնել և այն ավելի ուժեղ կլինի: Նա համոզված է, որ այդ ժամանակ ժողովուրդը հաստատ միասնականություն կցուցաբերի:





