AM
11 Ապրիլ 2013 - 13:09 AMT

Ոստիկանություն. Ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերի հանգամանքները դեռ պարզվելու են

Ոստիկանությունը ևս մեկ անգամ անդրադարձել է ապրիլի 9-ին «Ժառանգության» անցկացրած հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին: Հիշեցնելով ոստիկանության ավելի վաղ տարածած հաղորդագրությունների և այն մասին, որ ոստիկանությունը աշխատել է իր լիազորությունների շրջանակում, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հարկ են համարում պարզաբանել որոշ հայտարարություններ, մասնավորապես.

«Երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:

Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների տարածած հայտարարությունները, մեղմ ասած, ժամանակավրեպ են և զուրկ մասնագիտական հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքում կգնահատի այդ գործողությունների իրավաչափությունը և իր գնահատականները կներկայացնի հանրության դատին: Հարկ է նկատի ունենալ, որ համաչության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասառակշռության հարցը:

Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում` սահմանափակման բնույթը և ծավալը, հետապնդվող նպատակի կարևորությունը, միջամտելու պատճառները և դրևսորումները: Իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ զգացմունքային լուծումներն ու գնահատականները անթույլատրելի են և անհամարժեք: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը կողջունի այդ հարցին իրավական հարթության մեջ անդրադառնալու և քննարկելու ցանկացած քայլ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: