AM
12 Ապրիլ 2013 - 05:55 AMT

ՌԴ-ում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացիների դիերը տեղափոխվում են Երևան

Ապրիլի 8-ին ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիներ Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը տեղափոխվել են Երևան: ԱԻՆ լրատվականան ծառայությունից հայտնում են, որ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն այսօրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա: Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի և «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։

Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան: Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:

Պատահարի հետևանքով տուժած ՀՀ ևս մեկ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: