Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Օմբուդսմենի տարեկան զեկույցի մասին, անդրադարձավ զեկույցում տեղ գտած որոշ դրույթների, որոնք վերաբերում էին հարկային և մաքսային մարմինների գործունեությոնը, պատգամավորը անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահի ունեցվածքին և ասաց, որ Գագիկ Խաչատրյանը մեկն է այն պաշտոնյաներից, ով չարաշահում է պաշտոնական դիրքը: Նիկոլ Փաշինյանի այս ելույթը, բնականաբար տեղ գտավ մի շարք ԶԼՄ-ներում:
Այսօր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ բոլոր հայտարարությունները, որ արվել են, նրա համար են, որ խարխլեն ՊԵԿ-ի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու գործընթացը: Մոցարտ, գետնանցում, հիմա էլ Կարֆուր, անգամ պարսկական շահին հարիր ունեցվածք… Լեգենդներ հյուսելու և կոմիտեի պարզաբանումներն անտեսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից:
Դեռևս օմբուդսմենի զեկույցին անդրադառնալիս ենք նշել, որ ըստ օրենքի` հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն և չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց նման գործունեությունն օրենքը որևէ կերպ չի արգելում: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, չանսալով պաշտոնական տեղեկատվությանը, շարունակում են ստահոդ լուրեր տարածելով ջրել «ուրիշի» արտը` բնավ ոչ հանրային շահից ելնելով:
Միտումն ակներև է. խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Մնում է եզրակացնել, որ իրար խառնված աղբյուրների խիստ անհանգստության պատճառը կոմիտեի լավ աշխատանքն է` բյուջեի մուտքերի հաջող ապահովմամբ և արդյունավետ բարեփոխումներով»:





