Հայաստանում առաջին անգամ նախադեպ եղավ, երբ առաջնորդը սև պատերի հետևում չէր, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով ապրիլի 9-ի միջադեպերին: «Առաջին անգամ էր, երբ առաջնորդն ու իր ընտանիքը գնում էին ժողովրդի առջևից ու հարվածն իրենց վրա էին վերցնում: Սխալը բոլորինս է, բոլորս էլ սխալվում ենք, բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ունենք առաջնորդ, ով միշտ կանգնած է մեր առջևում: Նման առաջնորդը միշտ հաղթող է, նա ընկած չի կարող լինել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ այդ բոլորի շնորհիվ էր, որ մի կաթիլ արյուն չթափվեց: «Մեր իշխանությունն այնքան թույլ է որ այս իշխանության ոստիկանը 4 անգամ հարվածելուց հետո միայն կարողանում է քաղաքացու քիթը կոտրել:
Նրանք պարտվեցին, պարտվեցին քանի որ ես հաջորդ առավոտյան աշխատանքի էի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով իր և ոստիկանների միջև միջադեպին:





