10-ամյա Նարեկը դպրոց չի գնում: Վերջին ամիսներին մայրն ամեն ինչ անում է, որ երեխային համոզի դպրոց գնալ: Հոգեբան, ոստիկան, սոցիալական աշխատող: Բոլորի օգնությանը դիմել է, բայց Նարեկին համոզել չի լինում: Տղան խուսափում է բոլորից, վախենում է ամեն ինչից: Էմմայի 3 երեխաներն էլ հոգեբանական խնդիրներ ունեն, բայց Նարեկի խնդիրը մորն ամենաշատն է անհանգստացնում: Հայրը հարբեցող է եղել, երեխաները մշտապես ապրել են վախի պայմաններում, սրան էլ գումարվել են զանազան սոցիալական խնդիրները ու արդյունքում՝ Նարեկի մեկուսացումը բոլորից:
Նարեկը մեզ խոստանում է, որ երկուշաբթի անպայման դասի կգնա, Էմման ասում է, որ հոգեբանին էլ է խոստանում, բայց միևնույն է չի գնում:
Նարեկի եղբայրն ու քույրը դպրոց գնում են: Աղջիկը մեծն է: Ասում է՝ ամաչում է շփվել լրագրողների հետ, որովհետև չի ուզում դասընկերներն իմանան, որ իր ընտանիքը խնդիրներ ունի:
Էմման չի աշխատում, ամուսինը վերջերս է մահացել: Ամուսնուց միայն կիսավեր տունն է մնացել, որտեղ անգամ պատուհանների ապակիները չկան:
Թեև գարուն է, բայց ստիպված են ջեռուցել սենյակը: Փայտը Նարեկն է կոտրում,ասում է՝ տնային գործերում միշտ օգնում է մորը:
32-ամյա միայնակ մայրը պատմում է, որ ամիսներ են եղել՝ լույս չեն ունեցել: Ընտանիքն ապրում է 34.000 դրամ նպաստով: Էմման աշխատանք ունեցել է, բայց ամուսնու հիվանդության պատճառով թողել է այն, որ խնամի նրան:
Մեր այցելության ժամանակ ասաց, որ իրենց ուրիշ մարդիկ էլ են այցելել: Խոստացել են օգնել: Կինը խոստովանում է, որ կարճ ժամանակ առաջ ոչնչի չէր հավատում, բայց հիմա հավատում է, որ ոտքի կկանգնեն, քանի որ շատերն են խոստացել օգնել: Նշենք, որ ընտանիքին օգնելու համար բանկում հաշվեհամար են բացել:





