Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին երեկ, ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը, որով հայտնում է նաև, որ համալսարանը որևէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ:
«Ըստ օրենքի, դրանց տեղադրման վայրը որոշում են ԿԸՀ-ն և Երևանի քաղաքապետարանը: Մանկավարժական համալսարանը երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել և չի զբաղվում, իսկ տեսանյութի հերոսները համալսարանի հետ որևէ կապ չունեն: Մանկավարժական համալսարանի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ համալսարանը որևէ պատասխանատվություն չի կրում այդ ցուցատախտակի փակցման համար, և իրենք համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան»,- ասված է հայտարարության մեջ:





