AM
15 Ապրիլ 2013 - 09:39 AMT

Ա.Մանուչարյան. Օլիգարխները որևէ մասնակցություն չպետք է ունենան պետական կառավարմանը

Առաջնորդող ուժը պետք է կարողանա ճշգրիտ բանաձևերով շարժվել, սա առաջին պայմանն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն` անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած շարժմանն ու ապրիլի 9-ի իրադարձություններին:

«Ամսի 9-ին ժողովուրդը սպասում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները կհայտնեն, թե Հայաստանն ինչպիսի համակարգի և ինչպես է անցնում: Պարոն Հովհաննիսյանն ասաց, թե ինչ համակարգի` իրական ժողովրդավարության, որ ժողովրդի ձեռքն է անցնում իշխանությունը: Իսկ թե ինչպես` նա չասաց»,- նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամի` օլիգարխները որևէ մասնակցություն չպետք է ունենան պետական կառավարմանը. «Եթե տնտեսական գործունեություն ծավալող անձինք իրենց մասնակցություն են ունենում քաղաքական որոշումների կայացման գործընթացին, դա տանում է պետության կործանմանը»:

Աշոտ Մանուչարյանը նաև նշեց, որ բոլոր այն ուժերը, որոնք կարողացել են ժողովրդին ոտքի կանգնեցնել, երկու որակ ունեն: Մեկը` ժողովրդին է սպասարկում, մյուսը` լինելով քաղաքական գործիչ, քաղաքական խարդավանքների մեջ է: «Այնքանով, որքանով երեք ուժերը` ՀԱԿ, «Ժառանգություն», «Սարդարապատ» շարժում, պաշտպանում են ժողովրդին, անկասկած ես պաշտպանում եմ նրանց: Այնքանով, որքանով քաղաքական են, փողի և դիրքի մեջ, ես նրանց քննադատել ու բացահայտել եմ»,- եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: