Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և միջազգային ճանաչման գործում մեր քայլերը բավական լուրջ են, և առաջընթաց կա, բայց պետք է նաև նոր մեթոդներ կիրառել: Տեղեկատվական պատերազմում ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել է պետք: Կարծիքը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ, Թուրքիայում Հայոց ցեղասպասնության հետ կապված զարգացումները քննարկելով, նա դրանք բաժանել է 2 մասի:
«Առաջինը պետական քաղաքականությունն է, որտեղ շարունակվում է կեղծիքը և հանգագործությունը կոծկելու միտումը: Երկրորդն այն է, որ թուրք հասարակության մեջ բավական հետաքրքիր զարգացումներ են լինում, մասնավորապես, եթե որևէ հասարակական գործիչ ցանկանում է ձեռք բերել ժողովրդավարի անուն, անպայման պետք է հայտնի իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է թուրքագետը:
Նրա խոսքով հայ-թուրքական միջպետական հարաբերությունների համատեքստում Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու համարումը: «Նրանց քայլերը դեստրուկտիվ են և հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են տանում: Թուրքական իշխանությունները բավական մեծ ներդրումներ են կատարում թուրք երիտասարդների կրթության համար, որոնք չնայած նոր մեթոդներով են ուսանում, բայց հին մեթոդներով շարունակում են Թուրքիայի կեղծիքը»,- նշել է Ռ.Մելքոնյանը: Երևան-Վան չվերթի հարցով նա ավելացրել է, որ Թուրքիան շարքային խաբեբայի ոճով է գործել:
«Թուրքական իշխանությունները ամենաբարձր մակարդակով թույլ տվեցին այդ չվերթը, բայց վերջին պահին սառեցրեցին դրա թույլտվությունը, որը փաստում է` նույնիսկ ոչ քաղաքական խնդիրը Թուրքիան փորձում է քաղաքականացնել»,- ասել է թուրքագետն ու նկատել, որ այդ չվերթի իրականացման պատրաստակամությունը հայտնել էր հենց թուրքական կողմը:





