Երիտթուրքերի` 1919-21 թթ. դատավարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական սկզբնաղբյուր են: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստերը պետք է բերել իրավական հարթության վրա, քանի որ ցեղասպանության ճանաչման հարցում մեծ դեր ունեն օրենսդրական մարմինները: «Ես հեռու եմ այն մտքից, որ Ֆրանսիայում միանշանակ որոշում կայացվեց: Ֆրանսիայի խորհրդարանը գտավ, որ տեղի է ունեցել հայոց ցեղասպանությունը և այն ժխտելու համար սահմանեց քրեական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ, եթե չկա դատական ակտ, ապա օրենսդիր մարմինը իրավասու չէ այս կամ այն արարքը որակել իբրև հանցագործություն», – ասել է նա ու նշել, որ մենք չենք կարողացել բավարար չափով քննարկման առարկա դարձնել փաստը, որ ցեղասպանության հետ կապված դատական ակտեր ևս կան:
«Դատական ակտերը փաստում են այն, որ հայ ազգի բնաջնջումը տեղի է ունեցել կազմակերպված, կենտրոնից թելադրված, և սա մեր կարծիքը չէ, պատմագիտության աղբյուրի տեսակետ չէ, այլ կայացվել է Թուրքիայի դատարանների կողմից և, որ այն կատարվել է էթնիկական հողի վրա»,-նշել է Գ. Դանիելյանը:
Թուրքիայի դիրքորոշումը դատական ակտերի վերաբերյալ հետևյալն է` դրանք ընդունվել են միջազգային հանրության ճնշումների ներքո, բայց, ինչպես նշել է Գ.Դանիելյանը, «միջազգային ճնշումների մասին հայտարարությունները խիստ վիճելի են»:





