Նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության բարեփոխման հանրաքվեյում ընտրողների 80 տոկոսը «կողմ» կքվեարկի առաջարկվող փոփոխություններին, եւ միայն 20 տոկոսը` «դեմ»: Նման կանխատեսում է արել հանրաքվեի արդյունքի մասին Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Գ.Սահակյանը ընդգծել է նաեւ, որ «անկախ հանրաքվեի դրական կամ բացասական ելքից, Հայաստանին քաղաքական անկայունություն չի սպառնում»: «Երկրի իշխանությունները, այդ թվում ՀՀԿ-ն, ոչ թե նպատակաուղղված քարոզչություն են անցկացնում Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու օգտին, այլ ընդամենը տեղեկացնում են հանրությանը բարեփոխումների էության մասին: Մնացածը կախված է ժողովրդի կամքից: ՀՀԿ-ն կշարունակի աշխատել այն իրողության մեջ, որը կձեւավորվի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում»,-ընդգծել է Գալուստ Սահակյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





