Քարվաճառ քաղաքի բնակիչների համար «Արցախակերտում» ԵՀԿ-նանցկացրել է «Իրազեկ քաղաքացի» մեկօրյա դասընթաց, որն ուղղված էր շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:
ԵՀԿ-ի համանախագահ Արտակ Բեգլարյանը karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է, որ բնակչության մեծամասնությունը չգիտի իր իրավունքերի մասին, ավելին չգիտի դրանց խախտման դեպքում ում և ինչպես պետք է դիմել: «Ելնելով իրավիճակից՝ որոշել ենք աջակցել նրանց, որ գոնե իրավագիտության վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենան և հարկ եղած դեպքում կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- ասել է Ա.Բեգլարյանը:
Ըստ նրա` նման դասընթացները շարունակական են լինելու և մոտ ժամանակներս պլանավորվում է նման դասընթաց կազմակերպել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, ապա նաև հանրապետության մնացած շրջկենտրոններում ու մայրաքաղաքում:
Ա.Բեգլարյանը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս նախատեսում են Ստեփանակերտում ստեղծել անվճար իրավաբանական խորհրդատվության կենտրոն: «Արդեն պայմանավորվածություն կա որոշ ՀԿ-ների հետ, պատրաստ է նաև խումբը, մնում է որոշ տեխնիկական հարցեր լուծել՝ կապված գրասենյակի տարածքի ու գույքի հետ»:
«Արցախակերտում» ԵՀԿ-ն դասընթացներն իրականացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:





