AM
16 Ապրիլ 2013 - 06:20 AMT

Օմբուդսմեն. Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության

2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: ՄԻՊ գրասենյակը ներկայացնում է Կարեն Անդրեասյանի գնահատականները, որտեղ պաշտպանն անդրադարձել է Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:

Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ զանգվածային լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ վնասազերծված և այլևս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականի ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ այս կապակցությամբ Ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն: Ողջունելի է Ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը և դա անհետևանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ և շատ առումներով դրական աշխատանքը:

Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից կենթարկվեն համաչափ պատասխանատվության: Շարունակելու ենք հետևել այս միջադեպի քննությանը և դրա արդյունքներին»,-ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: