Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին, ովքեր Մայր Աթոռ էին գնացել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ուղեկցությամբ:
Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահին Երևանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման, ինչպես նաև փառատոնը հայոց նվիրական սրբավայր այցելությամբ սկսելու համար:
Վեհափառ Հայրապետը, իր խոսքում անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը, հորդորեց պոեզիայի մշակներին իրենց աստվածաշնորհ կարողություններն ի բարին ծառայեցնել` մարդկության բարօրության, ժողովուրդների միջև բարեկամության կերտման համար: Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին:





