«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ` ՀՀ ՊՆ զորամասերի աջակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է «Էրեբունի» արգելոց-թանգարանից:
Այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայող Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել է 150 ծառ: Տնկիները տրամադրել էր Երևանի քաղաքապետարանը: Աշխատանքների ավարտից հետո, ինչպես և նախորդ տարիներին, զինվորները ծանոթացել են հնավայրին: Արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի խորհուրդը` ընդգծելով, որ ապրիլի 18-ը հասարակական հիշեցման և միջազգային համերաշխության օր է` հանուն մշակութային անշարժ ժառանգության պաշտպանության: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ` ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն տարիներ շարունակ աջակցում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին` ցուցադրելով հայրենիքի պաշտպանության և ժառանգության պահպանության անխզելի միասնությունը:





