AM
16 Ապրիլ 2013 - 11:30 AMT

Կանայք օրենսդիրներին առաջարկում են մեծացնել իրենց ներգրավվածությունը ՏԻ մարմիններում

Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը հանդիպեցին «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» և տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավար և ավագանու անդամ կանանց հետ:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» ղեկավար Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մեծացմանն ու զարգացմանը և կանանց ներուժի օգտագործմանը: Նրա խոսքով՝ թեև այս տարի 2 տոկոսով ավելացել է կանանց թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն Հայաստանը պարտավորություն է ստանձնել՝ մինչև 2018 թվականը կանանց թիվը ավագանիների ղեկավարների կազմում հասցնելու մինչև 10 տոկոսի:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև համայնքային այլ խնդիրների և հարցերի, ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկները: Որպես խնդիրների լուծման նախապայման կանայք օրենսդիրներին առաջարկում են մեծացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև բարձրացնել ավագանիների գործունեության թափանցիկությունն ու անկախությունը:

Հանձնաժողովի նախագահը և փոխնախագահը պատրաստակամություն հայտնեցին քննարկել առաջարկները և հնարավորության սահմաններում նպաստել հարցերի կարգավորմանը՝ խուսափելով արհեստական միջամտություններից: Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության խնդրին, Ստեփան Մարգարյանը և Արայիկ Հովհաննիսյանը կարևորեցին հասարակության մեջ տիրող կարծրատիպերի վերացումն ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի լուսաբանման ավելացումը, երկու սեռերի ներկայացուցիչների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ այսօր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» և տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքային և գյուղական համայնքների ղեկավար և ավագանու անդամ կանանց հանդիպեց նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Կանանց խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ մասնավորապես անդրադառնալով կանանց իրավունքների վերաբերյալ հարցերին:

Համայնքների ավագանիների կին անդամներն անդրադարձան համայնքներում առկա բազմազան խնդիրներին, ծանոթացան միմյանց հոգսերին և ձեռքբերումներին, ներկայացրեցին առաջարկներ, որոնց հիման վրա, ինչպես նշեց տիկին Վարդանյանը, կմշակվեն օրենսդրական նախագծեր: