ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանը մերժեց հոդվածի 4-րդ մասը հակասահամանադրական ճանաչելու ԱԺ պատգամավորների դիմումը:
Դիմող կողմի ներկայացուցիչ՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը, որով սահմանվում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, արտահերթ նիստի կամ նստաշրջանի մասով հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին:
Պատասխանող կողմի` Ազգային ժողովի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ պնդում էր, որ ԱԺ-ն ունի լիազորություն ընդունելու օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և հղելու ուղերձներ, յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մասնակցություն: Նման մասնակցության, այն է՝ քվորումի բացակայության դեպքում նիստը սկսելն անիմաստ է, եթե այն չի հանգեցնելու այդ 4 լիազորություններից մեկի իրացմանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու առիթ էր հանդիսացել այն, որ նոյեմբերի 21-ին ՀԱԿ հրավիրած արտահերթ նիստը տապալվել էր քաղաքական մեծամասնության կողմից, ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները չէին ներկայացել նիստին և քվորում չէր ապահովվել: Այս կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ դիմելու ստորագրահավաք: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ առնվազն 27 պատգամավորի փոխարեն ստորագրահավաքին միացել էին 34 պատգամավորներ` «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների բոլոր անդամները, ինչպես նաև պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:





