AM
16 Ապրիլ 2013 - 15:07 AMT

Ավագանու ընտրություններին ընդառաջ. Խնդիրները լուծելու համար լուրջ քաղաքական կամք է հարկավոր

Երևանի նոր ավագանու անդամները պետք է պայքարեն մայրաքաղաքում բնապահպանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այսօր «Մեդիա կենտրոնում» -ասուլիսի ժամանակ նման եզրահանգման են եկել ընտրություններին առաջադրված ուժերի ներկայացուցիչները: Քննարկմանը մասնակցել են Ապրես Զոհրաբյանը (ՀՅԴ), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Սուսաննա Մուրադյանը (Բարև Երևան), Հրաչ Սարգսյանը (Առաքելություն), Հրայր Սարգսյանը (ՕԵԿ) և Եվա Թովմասյանը (ՀԱԿ) կուսակցություններից, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ավագանու թեկնածուները առաջնային են համարել Հրազդանի կիրճի և Նուբարաշենի աղտոտվածության խնդիրների լուծումը, անդրադարձել են պետության գերակա շահի անվան տակ վերացող կանաչ տարածքներին, կետային շինարարության ազդեցությանը կանաչ տարածքների վրա, այգիների հատվածավորված սեփականաշնորհմանը և այլ խնդիրների: «Մինչև օլիգարխի կողմից անօրինական ձևով կառուցված գոնե մեկ շենք չապամոնտաժենք, մենք կետային կառուցապատումից չենք ազատվի»,- կուսակցությունների ներկայացուցիչներին նման խորհուրդ է տվել Ինգա Զառաֆյանը՝ նշելով, որ ՀԿ-ներն ի տարբերություն կուսակցությունների միշտ հետամուտ են լինում խնդիրները վերհանելու գործում և դրանց լուծման համար մղվող պայքարում:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը համոզված է, որ խնդիրները լուծելու համար լուրջ քաղաքական կամք է հարկավոր: «Օրենքի լավ լինելու դեպքում անգամ, եթե չկա քաղաքական կամք, այն կարելի է շրջանցել, ու օղակաձև այգին դրա լավագույն օրինակն է»,- ասել է նա: Բնապահպանը Երևանի առաջնային խնդիրների թվին է դասում Նուբարաշենի աղբի ոչ վերամշակված լինելը, որը կարող էր վաղուց լուծված լինել, եթե հայերը չմտածեցին, որ ճապոնացիներն ուզում են մոնոպոլիզացնեն հայկական աղբը:

«Մեր ծրագրերում հիմնական շեշտը դրված է աղբի վերամշակաման գործարանի ներդրման ու շահագործման վրա: Ես անձամբ բնակվում եմ Նուբարաշենում ու ճիշտ է Կարինե Դանիելյանը, որ այնտեղ հարցը միայն մասամբ է լուծվել ճապոնացիների կողմից ներդրած տեխնիկայի միջոցով, և եթե այն ամբողջությամբ կիրառվի, Նուբարաշենը գոնե կարելի է ապահովել հոսանքով»,- ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը:

Նա նշել է ոլորտներ, որ սրճարաններին պայմանագրերը տրվել են 10 տարի առաջ, 50-60 տարի օգտագործման ժամկետով, և այսօրվա ավագանին դրա դեմ որևէ կերպ չի կարող պայքարել:

Երևանի հատակագիծը Բարև Երևան դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանի կարծիքով՝ ամեն օր խախտվում է քաղաքապետարանի համաձայնությամբ: «Կառուցապատելու ենք օրինական ձևով, կանաչապատելու ենք, կարգավորելու ենք քաղաքաշինությունը, բակերում լինելու են այգիներ և ոչ թե ավտոտնակներ, լուծելու ենք ջրահեռացման խնդիրները, մենք չենք ունենալու տրանսպորտի գծեր գործող քաղաքապետի պես»,- ասել է Սուսաննա Մուրադյանը:

Երևանում կատարվող կանաչապատման աշխատանքներն էլ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Եվա Թովմասյանը որակել է որպես դեկորատիվ, որը իրականում օդի աղտոտվածության խնդիրը չի լուծում: «Հանրային տարածքները անխիղճ յուրացնում են: Մինչև այսօր գերակա շահ հայտարարած տարածքներից ոչ մեկը չի ծառայել հասարակության շահերին»,- ասել է նա: