AM
17 Ապրիլ 2013 - 05:48 AMT

Վիրահայ համայնքը Ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Վրաստանի խորհրդարան

Վրաստանում գործող հայկական աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարան:

«Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ և կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին և Վրաստանի խորհրդարանում կազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ» – ասվում է դիմումում:

«1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետևանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից և իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Դրա մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915թ. մայիսին ընդունեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Հայ ազգի իրավունքների վերականգնման հարցը 1919թ. քննարկվել է Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում:Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստ է նաև 1920թ. ստորագրված Սևրի պայմանագիրը: Հայոց ցեղասպանության նշաննեը լիովին համընկնում են 1943թ. հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի մշակած և 1948թ. ՄԱԿ – ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի հետ, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Կոնվենցիան»:

Հարկ է նշել, որ 1993թ. հոկտեմբերին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան», – ասվում է նամակում, որը ստորագրել են «Վրաստանի Հայ համայնք»-ը, Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, «Վրաստանի Հայերի Ազգային Կոնգրես»-ը, «Թբիլիսյան Հայերի Վեհաժողիվ»-ը, Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միությունը, «Վրաստանի Հայ Համայնք»- ի ուսանողական միությունը, «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասարդական միությունը, Վրաստանի հայ նկարիչների միությունը, Վրաստանի հայ մտավորականների միությունը, Վրաստանի հայ երաժիշտների միությունը: