Ապրիլի 15-ին Լոնդոնում բացվեց Գրքի համաշխարհային տոնավաճառը, որին մասնակցեցին նաև Հայաստանի և Սփյուռքի մի շարք հրատարակիչներ։ Հայկական ներկայությունը հնարավոր էր դարձել բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ու Լոնդոնում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Նույն օրը տեղի ունեցավ հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցան Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի գործադիր նախագահ Վիգեն Հալաջյանը, ինչպես նաև հրատարակիչներ ու համայնքային այլ գործիչներ։ Գրքի համաշխարհային տոնավաճառը իր աշխատանքները կշարունակի մինչև ապրիլի 17-ը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:





