AM
18 Ապրիլ 2013 - 05:50 AMT

ՀՀԿ-ն այսօր կքննարկի վարչապետի վերանշանակման կամ նշանակման հարցը. Կշարունակի՞ պաշտոնավարել Տ.Սարգսյանը

ՀՀ կառավարության ներկայացրած հրաժարականից անցել է 9 օր և վաղն արդեն հայտնի կլինի, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: Իսկ մինչ այդ այսօր ժամը 18:00-ին Հանրապետական կուսակցությունը հրավիրել է Գործադիր մարմնի նիստ, որին կհետևի ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ վաղը լրանում է նոր վարչապետի նշանակման Սահմանադրությամբ ամրագրված ժամկետը. «Ամենայն հավանականությամբ քննարկվելու է վարչապետի վերանշնակման կամ նշանակման հարցը»:

Մինչ ՀՀԿ պաշտոնապես հարցը չի քննարկել, մամուլը շարունակում է տարբեր վարկածներ ներկայացնել: Այսպես, «Հրապարակը» գրում է, որ ՀՀԿ-ում չգիտեն՝ սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ, սակայն պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պաշտոնին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»`կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչև նախագահի և Երևանի ավագանու ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը:

«Ժողովուրդի» աղբյուրների համաձայն էլ` միանշանակ որոշված է կառավարությունը ձևավորել մայիսի 5-ից՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի նախընտրական շրջանում ընդդիմությանը քննադատությամբ հանդես գալու հնարավորություն չտրվի։ Պատահական չէ, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր, որ առաջիկայում երկու-երեք նախարար է փոխվելու։ Եվ ահա, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, առաջիկայում պաշտոնանկ են արվելու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Ըստ շրջանառվող լուրերի՝ քննարկվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության տարբերակը, ընդ որում դա լինելու է անձամբ նրա ցանկությամբ։ Ըստ ամենայնի՝ նախարար կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Այդ դեպքում հավանական է, որ նա նշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, քանի որ շանսոնյե Շառլ Ազնավուրն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել իրեն ազատել այդ պարտականությունից։ Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան։ Այս փոփոխությունների համատեքստում հնարավոր է՝ ԿԳ նախարար նշանակվի Հրանուշ Հակոբյանը, իսկ ՀՀ սփյուռքի նախարար դառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը»,- գրել է «Ժողովուրդը»: