«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել: «Մեր ներսում չի քննարկվել, արդիական չէ, օրակարգային չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և հայտնեց, որ ինքը վստահ է, որ Գագիկ Ծառուկյան-Տիգրան Սարգսյան հանդիպում չի եղել: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` երեկ իշխանական կուլիսներում լուրեր են տարածվել, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Հայկական ժամանակը» գրում է, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ:
Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթը փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծառուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանել է. «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»:
Ըստ թերթի` ՀՀԿ ներկայացուցիչները ևս դեռ չեն շտապում որևէ բան ասել այս ամենի վերաբերյալ: Մասնավոր զրույցներում նրանք, սակայն, վստահեցնում են, որ վերոնշյալ բանակցություններով է պայմանավորված նոր կառավարության ձևավորման «ուշացումը»:
Հնարավոր կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների մասին գրում է նաև «Հարապարակ» օրաթերթը. «Կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչև մայիսի 9-ը, նաև այդ պատճառով անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են` եթե ԲՀԿ-ն Երևանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ` հումանիտար բլոկում, չեն բացառում` նաև դիվանագիտական «կորպուսում», կտրվեն նրան»:





