ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 22-ին կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ:
Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջարկվեն նոր լուծումներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ՝ դրանցում կարևորելով հայ երիտասարդության դերակատարությունը:
Համաժողովի ավարտին մասնակիցները կընթերցեն հայտարարությունը` ուղղված աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը:
Սփյուռքի նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակիցները կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին: Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ մեկտեղ, կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին և ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:





