AM
19 Ապրիլ 2013 - 09:09 AMT

Արամ Սարգսյան. Հայտնի չէ` ինչով է զբաղվում 100-ամյակի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծվել է, բայց հայտնի չէ, թե ինչով է զբաղվում: Կարծիքը Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց. «Պետական այդ հանձնաժողովը ստեղծվել է և արդեն 3-րդ տարին է` չգիտեմ ինչով է զբաղվում: Ոչ մի ռեալ քայլ չկա: Վերջիվերջո ի՞նչ ճանապարհով ենք շարժվելու: Մենք չունենք մշակված ծրագիր: Ամբողջ աշխարհը սպասում է, որ հայերը մի յուրահատուկ, ազդեցիկ բան են անելու, բայց մենք ոչինչ չենք անում: Եթե առաջիկա մի քանի ամսում էլ ոչինչ չձեռնարկենք, կձախողվենք»: Արամ Սարգսյանի խոսքով քարոզչական առումով այսօր խայտառակ վիճակում ենք և պատճառն այն է, որ միասնական չենք գործում: «Հայկական իրողության մեջ այսօրվա դրությամբ հայերի լոբբինգը հատվածական է, չկա համակարգված գործունեություն: Հայերը վերջապես պիտի հանդես գան միասնական քայլերով», – ասաց նա:

Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը, այնուամենայնիվ, նշեց վերջին 10 տարվա մեր հաջողությունները.«Պառլամենտական ճանաչումը ԱՄՆ-ում և եվրոպայում, ցեղասպանության ժխտման դատապարտման փորձերը դատական համակարգի շրջանակում, ցեղասպանությանը հարակից պահանջներ ներկայացնելու դեպքերը` ապահովագրական դատավարությունները: Պետք է ուշադիր լինել` այս դատավարություններից մի քանիսում շահել ենք, բայց միայն որպես ապահովագրական դեպք`սա ցեղասպանության համար փոխհատուցում չէ»:

Վերջին շրջանում թուրք փորձագետները կարծիքներ են հայտնում հատկապես պառլամենտական ճանաչումների դեմ`նշելով, որ դրանք որևէ արդյունքի չեն հանգեցնի: Վլադիմիր Վարդանյանը ևս այս կարծիքին է. «Ես երբեք կողմնակից չեն եղել պառլամենտական ճանաչման գործընթացին, քանի որ ռեսուրսները բավական չեն: Մենք լավագույն դեպքում կսահմանափակվենք եվոպական և ամերիկյան երկրների ճանաչմամաբ: Անհեռանկարային է: Բացի այդ խորհրդարանը միջազգային իրավունքի տեսանկյունից չի դիտարկվում որպես արտաքին քաղաքականության ուղղությունը որոշող կառույց»:

Արամ Սարգսյանը և Վլադիմիր Վարդանյանը միակարծիք են մի հարցում`խնդիրը պետք է տեղափոխվի իրավական դաշտ: «Այն պետք է փոխվի իր էությամբ: Միջազգային ճանաչումը մենք դարձրել էինք առաջնային, բայց ավելի շատ պետք է խոսենք հետևանքների հաղթահարման մասին: Եթե մենք դա ենք առաջ բերում, արդեն տեղափոխվում ենք իրավական դաշտ», – ասաց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ պետք է օգտվել իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Յուրի Բարսեղովի կատարած աշխատանքից: Նա հսկայական վերլուծական նույթ է հավաքել`հարցի միջազգայնացման ուղղությունների, նյութական փոխհատուցման հնարավորությունների մասին:

«Ամենահեռանկարային քայլը միակողմանիորեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին դիմելն է, բայց այստեղ կան մի շարք նեղ իրավական խնդիրներ, որոնցից խուսափել հնարավոր չէ: Արդյոք դատարանը կգտնի, որ ՀՀ-ն իրոք հանդիսանում է տուժող կողմ և իրավունք ունի պահանջ ներկայացնել, արդյոք ՀՀ-ն կարող է հանդես գալ ի պաշտպանություն տուժողների` ներկայացնելով իր շահերը: Ապացուցողական բազայի խնդիր էլ կարող է առաջանալ», – ասաց միջազգային իրավունքի մասնագետն ու ավելացրեց` հսկայական փաթեթ պիտի պատրաստենք, բայց արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ մակարդակով պայքարել և շահել: