ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախաքննությունն ավարտված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև հայտնեց, որ կան մի շարք դիտողություններ և միջնորդություններ, որոնք պատրաստվում են ներկայացնել դատաքննության փուլում: Դրանք վերաբերում են և կատարողներին, և պատվիրատուներին: Հայրիկյանի փաստաբանը պնդում է, որ երեք մեղադրյալներից բացի կան այլ կատարողներ ևս, սակայն մանրամասներ չի հայտնում:
Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երեք ձերբակալվածներից մեկի` հանցագործությունը կոնկրետ կատարողի և Հայրիկյանի միջև առերեսում է եղել: Կատարողը պնդել է, որ սպանելու ցանկություն չի ունեցել, այլ ընդամենը ցանկացել է վախեցնել: «Տրամաբանությունից դուրս է, վախեցնելու համար ինչի՞ է կրծքին կրակել»,- ասաց փաստաբանը:
Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ դատաքննության ընթացքում կպարզվի` պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է, թե՝ ոչ: Նա ավելացրեց, որ իրավապահ մարմիններին չվստահելու հիմքեր այս պահին չունի:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել:
Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:





