ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ժաղավրդական թեկնածու է ու վայելում է ժողովրդի հարգանքը:
«Մարդիկ Տարոնի Մարգարյանին և սիրում էին, և սիրեցին, որովհետև ավելի անկեղծ է և ավելի անմիջական»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա` քարոզարշավին ընտրած մարտավարության արդյունքը ՀՀԿ-ն արդեն տեսել է:
Հովհաննես Սահակյանն անդրադարձավ քննադատություններին, թե ՀՀԿ թեկնածուն խուսափում է հրապարակային բանավեճերից. «Տարոն Մարգարյանի հետ կապված այլ քննադատական խոսք չունենալով, պետք է խոսեն մեր ռազմավարությունից: Մենք ենք որոշում, թե ինչպես ենք գնում առաջ և ինչպես ենք քարոզչություն իրականցնում»: Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ի քարոզչությունը հրապարակային է և Տարոն Մարգարյանը հանդես է գալիս հրապարակային խոսքով, նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում թե լրագրողները, թե բակային հանդիպումների մասնակիցները:
Անդրադառնալով պայքարի մեջ մտած մյուս ուժերին, Հովհաննես Սահակյանը նշեց, որ բոլորն էլ փորձում են ՀՀԿ-ի հետ մրցել: «Նրանք ընդդիմադիր հատվածում երկրորդ տեղը գրավելու խնդիր ունեն: Ոչ այն առումով, որ մենք առաջինն ենք, և պայքարը երկրորդ տեղի համար է, այլ եթե վերլուծում ենք քարոզարշավը, տեսնում ենք, որ ընդդիմադիր հատվածի ձայները վերցնելու խնդիր կա»,- ասաց նա և ավելացրեց, որ նախագահի ընտրություններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը 37 տոկոս ձայն հավաքեց, մի շարք քաղաքական թիմեր հասկացան, որ իրենք լուսանցքից դուրս են: «Նրանք պետք է ցույց տան, որ իրենք են երկրորդը, և այդ երկրորդն ընդդիմադիր թևի լիդերն է»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:





