ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին երեկ Բելգիայում վիրահատել են, վիրահատությությունը տևել է մոտ 7 ժամ, և նրա ապաքինման համար տևական ժամանակ է հարկավոր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը և նշեց, որ դժվար է ասել կառավարութան կողմից տրամադրված գումարը կբավականացնի այդ ծախսերին, թե՝ ոչ: Ըստ փաստաբանի` Հայրիկյանին հատկացված գումարը բավական քիչ է ողջ բուժման համար:
Անդրադառնալով Հայրիկյանին պետության կողմից հատկացված գումարի շուրջ հնչող քննադատություններին, ԱԻՄ առաջնորդի փաստաբանն ասաց. «Պարույր Հայրիկյանի մեղքն այն էր, որ նա մահափորձի ընթացքում չմահացավ: Այս դեպքում պետական և ոչ պետական կառույցների կողմից ավելի մեծ գումարներ կծախսվեին, իսկ Պարույր Հայրիկյանին կդարձնեին ազգային հերոս»: Հիշեցնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել էր 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Նա մեկնել էր Եվրոպա` բուժվելու:
Սոցիալական ցանցերում դժգոհություն էր բարձրացել, որ կառավարությունն այդքան գումար է հատկացրել Պարույր Հայրիկյանի բուժման համար, իսկ մյուս քաղաքացիներին, ովքեր ևս լուրջ առողջական խնդիրներ ունեն, նման օգնություն պետությունը չի ցուցաբերում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել:





