Ապրիլի 19-ին, ժամը 23.56-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 և «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 1980 թ. ծնված Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը և վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:





