Գյումրիում երկրաշարժից հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվել են, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվել են հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ:
Սակայն եղել են շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արել են և դժվարությամբ կարողացել են հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն: Նման շենքերից է Գյումրու Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչև օրս կանգուն է, թեև բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն և տարածքն օտարել: Բնակիչների հետ զրույցել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները:





