24-ամյա Աստղիկ Թոքմաջյանի հետ ծանոթացել ենք ԵՊՀ մոտակայքում: Աստղիկը աշխատանքային օրերին այստեղ է գումար հավաքում, հանգստյան օրերին՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում:
Մեր ծանոթության առաջին օրերին նա թաքցնում էր, որ հղի է, թեև դա թաքցնել այլևս հնարավոր չէ, քանի որ երեխայի ծնվելուն 2 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Աղջիկը պնդում էր, որ չի հիշում՝ հղիության որ ամսում է, չի հիշում անգամ երեխայի հոր անունը: Նա հղիության ընթացքում ոչ միայն որևէ բժշկական հետազոտություն չէր անցել, այլև ձմռանը ապրել էր դրսում, գիշերել շքամուտքերում:
Հետազոտությունից պարզվում է, որ երեխան առողջ է, սական՝ բժշկի խոսքով, մայրը պետք է մինչև ծննդաբերելը հսկողության տակ մնա, քանի որ թերսնման հետևանքով, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ առաջացել են:
Աստղիկը ծնողներին չի հիշում, մեծացել է գիշերօթիկում: Չափահաս դառնալուց հետո տեղափոխվել է քրոջ մոտ, հետո տատիկի: Այժմ վարձով է ապրում Մասիվում՝շենքերից մեկի նկուղային հարկում: Ասում է ՝ տունը վարձել են, տատիկի թոշակով տալիս են տան վարձը, իր հավաքած գումարով ապրում են: Քրոջ մասին խուսափում է խոսել: Պատասխանում է կարճ կամ լռում է: Ասում է՝ նա արդեն որքան ժամանակ իր երեխայի հորն է փնտրում:
Երկար զրույցից հետո համաձայնում է տալ նրա հեռախոսի համարը: Քույրը մեզ պատմում է, որ իր հոգատարության պակասից չէ, որ Աստղիկը նման վիճակում է հայտնվել, քանի որ ինքը երկար ժամանակ չի իմացել, որտեղ է քույրը և միայն վերջերս է գտել նրան:
Այժմ Աստղիկը հաշվառված է ծննդատանը, գտնվում է բժշկի հսկողության տակ:





