AM
25 Նոյեմբեր 2005 - 12:19 AMT

Վ.Օսկանյան. 10 տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները ենթարկվել են «դրամատիկ փոփոխությունների»

Վերջին 10 տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ենթարկվել են «դրամատիկ փոփոխությունների»: Այդ մասին Լոս Անջելեսում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հակամարտության բոլոր կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում, «այսօր մենք կարող ենք ավելի կոնկրետ առաջ շարժվել տարաձայնությունների հարթման ճանապարհով»: Վարդան Օսկանյանը նշել է, որ Հայաստանի համար կարգավորման հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատումը եւ այդ իրավունքի միջազգային ճանաչումը:

«Հակամարտությունը սկսվելուց հետո միջազգային զարգացումները եւ ինքնորոշման գործընթացները աշխարհի տարբեր մասերում արմատապես փոխել են համաշխարհային հանրության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ: Մենք տեսանք հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորի անկախության հռչակումը եւ Սուդանում համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց երկարամյա համակարտությանը` հանրաքվեի անցկացման մասին համաձայնության հասնելու շնորհիվ», – հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է նաեւ Կոսովոյի կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացման հեռանկարի լուրջ քննարկումների մասին: «Քաղաքականության եւ իրավունքի ոլորտի փորձագետները ավելի հաճախ են ճանաչում ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունը եւ իրատեսությունը որոշակի հանգամանքների առկայության դեպքում», – նշել է Վարդան Օսկանյանը: ԱԳ նախարարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության էությունը տարածքների մեջ չէ: «Երբ սկսվեց հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս չկային հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքներ: Այս տարածքները հայտնվեցին հայկական վերահսկողության ներքո ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անհամաձայնության պատճառով, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով սանձել ինքնորոշման ձգտումները», – ամփոփել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: