AM
20 Ապրիլ 2013 - 10:12 AMT

ԼՂՀ կառավարությունը կավելացնի առանձին խմբերի ընտանիքներին տրվող ամենամյա դրամական օգնությունը

Շուշիի ազատագրման 21 և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ բարձրացվում են առանձին խմբերի ընտանիքներին տրվող ամենամյա միանվագ դրամական օգնության չափերը։ Որոշումը կայացվել է ԼՂՀ կառավարության վերջին նիստի ժամանակ:

«Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և նույն պատերազմում զոհվածների ընտանիքներին կհատկացվի 50 հազարական դրամի չափով միանվագ օգնություն՝ ներկայումս մասնակիցների համար սահմանված 13, հաշմանդամ մասնակիցների համար սահմանված 16 և զոհվածների ընտանիքների համար սահմանված 11 հազարական դրամի փոխարեն։ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին հավասարեցված անձանց կհատկացվի 25 հազարական դրամի չափով միանվագ օգնություն՝ ներկայումս վերջիններիս համար սահմանված՝ համապատասխանաբար 13 և 16 հազարական դրամի փոխարեն»,-տեղեկացրել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը։

karabakh-open.info-ի հաղորդմամբ՝ նախարարի ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվել է փոփոխություններ և լրացումներ կատարել ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգում: Փոփոխություններից մեկով պետբյուջեի միջոցների հաշվին ուղեգիր ստանալու իրավունք կունենան նաև ընդհանուր հիվանդությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։