AM
20 Ապրիլ 2013 - 11:45 AMT

Հայագետ. Այլիսլիի «Քարե երազներ» վեպում բազմաթիվ փաստեր են խեղաթյուրվել. բոլորն ուղտի ականջում քնած են

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպում բազմաթիվ փաստեր խեղաթյուրված են և դրանք նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանության մեջ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը ասաց, որ դեմ չէ, որ հայ ընթերցողը ծանոթ լինի ադրբեջանցի գրողի աշխատությանը, բայց պատմական փաստերի աղավաղումն անթույլատրելի է։

Այլիսլիի կողմից խեղաթյուրված փաստերից մեկն այն է, որ գրողը պատմում է 1919թ. Ագուլիսի և 1990թ. Բաքվի ջարդերի մասին՝ նշելով, որ երկու դեպքում էլ հայերի նկատմամբ վայրագություններն իրականացրել են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները։ «Այլիսլին չեզոքացնում է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությունը հայերի կոտարածներին, մինչդեռ բազմաթիվ փաստեր կան, որ այդ ոճրագործությունը կատարել են տեղացի ադրբեջանցիները` Ադրբեջանի պետական ապարատի ղեկավարությամբ»,- ասաց հայագետը։

Նա նկատեց, որ վեպում խոսվում է Ագուլիսի մի շարք ավերված հայկական եկեղեցիների մասին՝ ընդգծելով, որ ագուլիսեցիները չգիտեն, թե երբ են կառուցվել և երբ են ավերվել այդ եկեղեցիները. «Դա կեղծիք է: Եկեղեցիներն ավերվել են ադրբեջանական վանդալիզմի հետևանքով»:

Թեև Այլիսլին քաղաքացիական խիղճ և քաջություն ունեցել է ներկայացնելու իրականությունը, սակայն, ըստ Արգամ Այվազյանի, նա լուծել է նաև քաղաքական խնդիր. «Չի բացառվում, որ ադրբեջանցի գրողի նկատմամբ հալածանքներն ադրբեջանական կողմի հերթական շինծու քայլն են՝ հայկական կողմի տրամադրությունները ստուգելու համար: Ես նույնիսկ մտածում եմ, որ մի քանի ամիս հետո Այլիսլիի նկատմամբ հալածանքները կմեղմանան, չէ՞ որ, ի վերջո, նա ասել է, որ այս վեպում ինքն ազնվացրել է Ադրբեջանին և ադրբեջանցուն»:

Հայագետը նկատեց նաև, որ մինչ վեպը հայերեն ընթերցողի դատին հանձնելը պետք էր այն քննարկման դնել մասնագետների շրջանում, գրվեր առաջաբան՝ հայ ընթերցողին հստակ ներկայացնելով Այլիսլիի աշխատության ճշմարտացի և խեղաթյուրված դրվագները։ «Բոլորն ուղտի ականջում քնած են: Մի՞թե կարելի է այդքան թերուս և տգետ լինել, տառապել զոհի հոգեբանությամբ։ Սա դատապարտելի քայլ է: Չի կարելի այսպիսի մոտեցում ցուցաբերել պատմական փաստերին»,- ասաց նա:

Աքրամ Այլիսլիի վեպը 2012թ. վերջում լույս է տեսել ռուսերեն լեզվով, ադրբեջաներեն դեռ չի թարգմանվել: Վեպն անդրադառնում է ԽՍՀՄ վերջին տարիներին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին: Նրա հասցեին քննադատության պատճառն այն էր, որ նա իրավացիորեն նկարագրել է հայերի ջարդը Բաքվում և բացասական լույսի ներքո է պատկերել սպանությունների մասնակից «երազներին»՝ ադրբեջանցի փախստականներին Հայաստանից: Վեպի հրատարակումից հետո Ադրբեջանում սկսվեցին գրողի հալածանքները, այրեցին նրա գրքերը: Ադրբեջանի նախագահը զրկեց նրան ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից: