AM
20 Ապրիլ 2013 - 12:18 AMT

Ատոմակայանը հակառակորդի դիվերսիոն խմբերից պաշտպանելուն ուղղված շտաբային մարզումներ են անցկացվել

Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնում է ոստիկանության զորքերը:

Անձնակազմի գիտելիքներն ու ունակությունները հստակեցնելու և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ և հրամանատարաշտաբային մարզումներ:

ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին ոստիկանության զորքերում անցկացվեցին շտաբային մարզումներ՝ «Հատուկ նշանակության օբյեկտի (ՀԱԷԿ-ի) պահպանության և պաշտպանության կազմակերպումը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերից» թեմայով:

Շտաբային մարզումներին ընդգրկված էին ոստիկանության զորքերի 1043 զորամասը՝ ամբողջ կազմով, 1031 զորամասի հրամանատարական կազմը և պլանով նախատեսված գործողություններին մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի օպերատիվ խումբը:

Մարզումների հիմնական նպատակն էր՝ կատարելագործել հրամանատարական կազմի և զորամասերի շտաբների պաշտոնատար անձանց ունակությունները գործառութային պարտականությունների կատարման և մարտական փաստաթղթերի ձևակերպման գործում:

Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև, ինչպես և անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը և ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում: